National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.03.2016
Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը
1 / 3

Մարտի 29-ին տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Կարինե Աճեմյանը, Հրանտ Բագրատյանը, Թեւան Պողոսյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Մհեր Շահգելդյանը մանրամասներ են ներկայացրել Եվրանեսթ ԽՎ-ի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքների վերաբերյալ, նաեւ՝ ամփոփել են 2015 թ.-ի ընթացքում վեհաժողովի շրջանակներում պատվիրակության կատարած աշխատանքները:

Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Արտաքին քաղաքականությունների եւ անվտանգության սպառնալիքների վերաբերյալ ԵՄ անդամ պետությունների եւ Արեւելաեվրոպական գործընկեր երկրների ընդհանուր դիրքորոշումները» թեմայով զեկույցի նախագիծ, որը վերաբերել է Արեւելյան գործընկերության անդամ պետությունների եւ Եվրամիության ընդհանուր սպառնալիքներին եւ համատեղ քաղաքականության արդյունքում դրանց դիմագրավելուն: Ըստ հայկական պատվիրակության ղեկավարի՝ նախագիծը շրջանառության ընթացքում հավաքել է 111 առաջարկ, այն պարունակել է Հայաստանի շահերին հակասող, վիճելի եւ հակահայկական ձեւակերպումներով դրույթներ. դրանք վերաբերել են Լեռնային Ղարաբաղի խնդրին, մասնավորապես Արեւելյան գործընկերության անդամ երկրներում առկա կոնֆլիկտներում օկուպացված տարածքներին, տարածքային ամբողջականության սկզբունքին, ռազմական ագրեսիային, զորքերի դուրսբերմանը: Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ հայկական պատվիրակության միահամուռ աշխատանքի շնորհիվ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն եւ վեհաժողովի կանոնակարգի համաձայն՝ հեղինակները հետ են վերցրել իրենց առաջարկները: Արտակ Զաքարյանը նշել է, որ նիստերում ընդունված բոլոր զեկույցները բխում են Հայաստանի խորհրդարանական քաղաքական ուժերի ընդհանուր շահերից եւ դիրքորոշումներից, արտահայտում են ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքական մոտեցումները:

Որոշ առաջարկների վերաբերյալ հայկական պատվիրակությունն ունեցել է վերապահումներ, որոնք դեմ են եղել ՌԴ շահերին եւ հաշվի առնելով մեր երկրի անվտանգության հարցերը՝ հայկական պատվիրակությունը դեմ է քվեարկել այդ առաջարկներին:

Պատվիրակության անդամները ներկայացրել են հանձնաժողովների աշխատանքները եւ դրանցում տեղի ունեցած քննարկումները:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարինե Աճեմյանը նշել է, որ հանձնաժողովում քննարկվել է «Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ համագործակցությունը մասնագիտական որակավորումների, աշխատանքային փորձի եւ համալսարանի դիպլոմների ճանաչման գործընթացներում» թեմայով զեկույցի նախագիծ: Այն վերաբերել է Բոլոնյան գործընթացին, մասնավորապես Արեւելյան գործընկերության երկրների ձեւաչափով համագործակցությանը, ուսանողների շարժունակությանը, դիպլոմների ճանաչմանը: Նախագծից հայկական պատվիրակության հորդորով հանվել է ուկրաինական պատվիրակության երկու առաջարկ: Տիկին Աճեմյանը տեղեկացրել է, որը այն ընդունվել է Հայաստանի համար ընդունելի տարբերակով: Նույն հանձնաժողովի անդամ Վահե Էնֆիաջյանը նշել է, որ Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը, ինչպես միշտ, այս անգամ եւս աշխատել է կազմակերպված եւ իրականացրել է իր առջեւ դրված նպատակները եւ խնդիրները:

Հրանտ Բագրատյանը եւ Միքայել Մելքումյանը նշել են, որ Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են «ԵՄ ֆինանսական բազմամյա աջակցության հեռանկարները եւ դրանց ազդեցությունը Արեւելյան գործընկերության երկրների տնտեսական համագործակցության վրա» թեմայով զեկույցի նախագիծ: Խոսելով փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը վերաբերող հարցերից` Հրանտ Բագրատյանը տեղեկացրել է, որ թեմայի վերաբերյալ ներկայացրել է ընդգրկուն եւ համակողմանի վերլուծությամբ զեկույց: Պատգամավորները գոհունակությամբ նշել են, որ պատվիրակությունը կանխել է բանաձեւերում հակահայկական ձեւակերպումների ներառումը:

Միքայել Մելքումյանն անդրադարձել է «Այլընտրանքային գազի ոլորտում քաղաքականության մշակում եւ պոտենցիալ ազդեցությունը ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների էներգետիկ շուկաների վրա» թեմայով զեկույցի նախագծին, խոսել հանձնաժողովում հայկական պատվիրակության առաջիկա անելիքներից:

Մհեր Շահգելդյանն իր խոսքում կարեւորել է ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական վեհաժողովների միջեւ տեսակետների եւ կարծիքների փոխանակման ընդհանուր հարթակի ձեւավորումը:

Թեւան Պողոսյանը Հայաստանի համար մեծ հաջողություն է համարել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խնդիրներն այլեւս չեն քննարկվելու Եվրանեսթ ԽՎ-ում. նա ընդգծել է, որ դրա համար կա առանձին ձեւաչափ՝ այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ըստ պատգամավորի՝ կառույցում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործընթացին վնասող որեւէ ձեւակերպում չի դառնալու քննարկման թեմա:

Պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ Եվրանեսթ ԽՎ հաջորդ լիագումար նիստը տեղի կունենա Կիեւում, իսկ Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի մշտական հանձնաժողովի հաջորդ նիստը հայկական պատվիրակության առաջարկով կանցկացվի հաջորդ տարվա աշնանը՝ Երեւանում:

Պատվիրակության անդամները պատասխանել են լրագրողների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am